16-ամյա պատանին ձերբակալվել է 3 անձի դանակահարելու համար

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի նոյեմբերի 12-ին Մարալիկում 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2016 թ. նոյեմբերի 12-ին կտրած-ծակած վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարալիկ քաղաքի երեք բնակիչներ։ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և  անմիջապես միջոցներ ձեռնարկվել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները՝ հանցագործության կատարման վայրը,  առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի նախկին մշակույթի տանը հարակից այգում տեղի է ունեցել վիճաբանություն  Հառիճ գյուղի  բնակիչ հանդիսացող երկու եղբայրների և Մարալիկ քաղաքի մի խումբ բնակիչների միջև, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել երեք անձի։ Հարվածների հետևանքով Տիգրան Անդիկյանին պատճառվել են  «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի» ձևով, Կարեն Սարոյանին՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի»  ձևով և Հակոբ Իսպիրյանին՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, չթափանցող, արյունահոսող վերքի»  ձևով մարմնական վնասվածքներ: Տուժողները բուժօգնության են տեղափոխվել «Գյումրի բժշկական կենտրոն»։ Նույն օրը բուժօգնության է տեղափոխվել նաև եղբայրներից ավագը։

Քրեական գործով 4 անձ ճանաչվել է տուժող, առգրավվել դեպքի պահին նրանց կրած հագուստները, վերցվել փորձանմուշներ՝ դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Դանակի գործադրմամբ 3 անձի մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է եղբայրներից կրտսերը, ով 16 տարեկան է։ Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։


Source: Yerkir Media
Link: 16-ամյա պատանին ձերբակալվել է 3 անձի դանակահարելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image