1918 թվականի այս օրը ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը

«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։

ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունի

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարի ժամանակահատվածում եւ գոյատեւեց ընդհամենը 2 տարի՝ մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերն անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։

1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):

Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։  Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:

Source: Yerkir Media
Link: 1918 թվականի այս օրը ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image