Ռուսական 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում հայկական զինված ուժերին մատակարարվող սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է:
Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այդ վարկային պայմանագրով նախատեսված զենքերի մի մասն արդեն մատակարարվել է և համալրել է հայկական զինված ուժերը: Մատակարարման գործընթացն ընթանում է պայմանագրով հաստատված ժամանակացույցով: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի պայմանագրով սահմանված ժամկետներում ստանանք սպառազինությունը, որովհետև մեզ համար դա շատ կարևոր է»,- նշեց նախարարը:
Միևնույն ժամանակ, Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է երկխոսությունը ռուսական կողմի հետ այդ ծրագրի շարունակականության վերաբերյալ: Նախարարն ընդգծեց, որ սպառազինության համալրման ուղղությամբ ՌԴ-ի հետ այլ ծրագրերով տարվող աշխատանքները, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը բավարար չէ հայկական զինված ուժերի պահանջները բավարարելու համար, ուստի Հայաստանը փնտրում է սպառազինությունը համալրելու հնարավորություններ թե´ ՌԴ-ի, թե´ գործընկեր այլ երկրների հետ:
Նախարարը նաեւ ներկայացրել է Բանակի օրվան նվիրված միջոցառումները։
Source: Yerkir Media
Link: 200 մլն դոլարի վարկով մատակարարվող ռուսական զինատեսակների մի մասն արդեն ստացվել է