10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-10-ը: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարեւորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի եւ բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի ֆորումի առանձնահատկությունն այն է, որ այստեղ կհայտարարվի Երեւանում 2019 կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies — WCIT) նախապատրաստական աշխատանքների մասին։ Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology And Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։ Կքննարկվեն նախապատրաստական աշխատանքները, կներկայացվի ՀՀ-ում անցկացվելիք համաժողովի բրենդը՝ գրաֆիկական եւ տեքստային մոտեցումները, որոնք մշակել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2017-ին կշարունակի նախորդ տարվա ուղղությունները, որոնք, մասնավորապես, նվիրված են ռազմարդյունաբերությանը, անվտանգությանը։
Բիզնես համաժողովի շրջանակներում անդրադարձ կլինի նաեւ վերականգնվող էներգիայի եւ բնապահպանության խնդիրներին։
Կարեն Վարդանյանը նկատեց, որ եւ անհատների, եւ բիզնեսի կողմից սկսել են ավելի շատ օգտագործել ՏՀՏ տեխնոլոգիաներ, սակայն ցավոք բիզնեսում որոշ խոշոր ձեռնարկությունները մրցակցությունից դուրս են, եւ այդ բիզնեսներն առանձնապես չեն ավտոմատացվում։ Եթե ավտոմատացնում են, ապա դա ավելի շատ կրում է ֆինանսական կորուստներից ապահովագրվելու եւ ոչ թե զարգացման, արդյունավետության բարձրացման բնույթ։ Վարդանյանի խոսքով, թերեւս, կան եզակի բիզնես օրինակներ: Այն ոլորտներում, որտեղ մրցակցությունը մեծ է, ավելի շատ են կիրառվում ՏՀՏ գործիքները։
Source: Yerkir Media
Link: 2019-ի ՏՏ համաշխարհային համաժողովը կանցկացվի Երեւանում