58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության գործով հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանն այս գիշեր, ժամը 4-ին, ներկայացել են ոստիկանություն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 4-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց ծեծելով սպանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանին:
Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Ծեծին մասնակից 2 անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
58-ամյա զոհը` Եղիշե Խաչատրյանը հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն է:
Source: Yerkir Media
Link: 58-ամյա տղամարդուն ծեծելով սպանածները ներկայացել են ոստիկանություն