93 տարի առաջ այս օրը Սեւրում դիվանագիտական սեղանին դրվեց հայկական թղթածրարը

August 10, 2016

Ուղիղ 93 տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին սկսվեց հայության քաղաքական պահանջների միջազգային իրավական ճանաչման գործընթացը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի Սեւր արվարձանում դիվանագիտական սեղանին դրվեց հայկական թղթածրարը: Ստորագրվեց Սեւրի դաշնագիրը, որով հստակեցվեցին Հայկական նորանկախ պետականության սահմանները։

Համաձայն դաշնագրի` Միացյալ Հայաստանի սահմանները պետք է տարածվեին շուրջ 162 հազար քառ.կմ-ի վրա: Ավելին` բազմաշերտ այս փաստաթուղթը ոչ միայն նախանշում էր երկրի հստակ սահմանները, այլեւ ամրագրում հայ ժողովրդի ունեցվածքը հետ բերելու եւ հանցագործ Թուրքիային պատժելու գաղափարը: Դաշնագիրը ստորագրում են Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Թուրքական կողմից` Համիդ փաշան, Ռիզա Թեւֆիկ եւ Խալիլ բեյերը:

Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրում է Ավետիս Ահարոնյանը։ Այդ օրվա ապրումները հետագայում իր հուշերում Ահարոնյանն այսպես է նկարագրում.

«Կյանքիս ամենաերջանիկ օրն է այս: Երեսուն տարվա պայքարս, բողոքս, տառապանքս ու հույսերս պսակվեցին փառավոր հաջողությամբ: Թյուրքական դաշնագիրը ստորագրվեց եւ բոլոր դաշնակից պետությունների համաժողովն այսպիսով հռչակեց Միացյալ, Անկախ, Ազատ Հայաստանը` Սեւրի սրահում»:

Փաստաթղթի համապատասխան հոդվածների համաձայն` Օսմանյան Թուրքիան պաշտոնապես ընդունում էր, որ դաշնակից պետությունների օրինակով ճանաչում է Հայաստանը` իբրեւ ազատ եւ անկախ պետություն: Նաեւ կնքվում է համաձայնություն` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի որոշումը հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին:

Ի դեպ` Վուդրո Վիլսոնը Ազգերի Լիգայի հիմնադիրն է, Փարիզի խաղաղության կոնֆերանսի ավագ քաղաքական գործիչ ու Նոբելյան` Խաղաղության մրցանակի դափնեկիր: Վիլսոնի իրավարար վճիռը հրապարակվում է նույն թվականի նոյեմբերի 22¬ին, որով որոշվում էր Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանների հարցը։ Հայաստանը ստանում էր Վանի եւ Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը:

Ճակատագրական փաստաթուղթը նպաստելու էր նաեւ Հայկական հարցի լուծմանը, սակայն մնաց դիվանագիտական սեղանին: Գնացքն արդեն մեկնել էր՝ Հայաստանը հայտնվել էր բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական սալի արանքում:

Մի քանի օրանց Հայաստան մուտք գործած կարմիր բանակը ձիերի սմբակների տակ է թողնում այդ փաստաթուղթը։ Թեւ հարկ է նկատել, որ այդ փաստաթուղթը առ այսօր չի բեկանվել միջազգային հանրության կողմից։ Հայ քաղաքագետները, պատմաբանները վստահ են. Վիլսոնի գծած քարտեզն այսօր էլ արդիական է, պարզապես անհրաժեշտ է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով հաստատել դրա վավերականությունը, ինչից հետո Անվտանգության խորհրդից պահանջել ի կատար ածել այն: Անշուշտ, դա հեշտ ճանապարհ չէ, եւ Թուրքիան էլ չի փոխվել, պարզապես սուլթանական Թուրքիայից դարձել է հանրապետական, ավելի ազգայնական Թուրքիա, ինչն էլ նրան ավելի է ուժեղացրել, սակայն ռոմանտիկ, դժվար իրագործելի թվացող այս փաստաթուղթը քաղաքական լուրջ գործ չի մշակած իրավաքաղաքական դրույթների փաթեթ է, որը կարող էր եւ պետք է բացառեր հետագա կործանարար պատերազմը, բայց դրա չիրագործման հետեւանքով մինչեւ օրս էլ բաց են հայկական, քրդական հարցերը: Ավելին` մարդկության դեմ զանգվածային ոճրագործությունները ոչ միայն մնացին անպատիժ, այլեւ կրկնվեցին:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image