Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հավաքը՝ նախատեսված ապրիլի 8-ին, Երեւանում, չի կայանա. պատճառը՝ միության 5 անդամներից մեկը՝ Ղազախստանը, հրաժարվել է մասնակցել այս նիստին:
ԵԱՏՄ-ից բացի, Ղազախստանը անդամակցում է նաեւ Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին, կառույցի անդամ է Ադրբեջանը եւս: Այս հանգամանքն ու վերջին օրերի պատերազմն էլ, ենթադրվում է, նպաստել են, որ Ղազախստանի վարչապետը հրաժարվի գալ Երեւան:
Իսկ կգնա՞ Հայաստանի վարչապետը Մոսկվա, եթե որոշվի, որ ԵՏՄ վարչապետների հավաքը կայանալու է Մոսկվայում: Մեր եկրի նախկին վարչապետները, որ այսօր զբաղվում են պատգամավորական գործունեությամբ, այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն:
Եթե ապրիլի 8-ին ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները հավաքվեին Երեւանում, կստացվեր, որ կառույցը պատերազմական այս օրերին սատարում է Հայաստանին. վերլուծաբանների դիտարկումներով՝ հենց այս պատճառով ԵԱՏՄ-ն չեղյալ համարեց նախապես հայտարարված նիստը: Ազգային ժողովի պատգամավոր եւ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը այս եզրահանգումից զարմացած է.
«Բա ո՞ւմ պիտի սատարեին: ԵԱՏՄ անդամ Հայաստանի՞ն, ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի՞ն թե՞ մեկ ուրիշին: Առավել եւս, որ քննարկվող հարցերի մեջ վերջին օրերի իրադարձություններին վերաբերող որեւէ կետ չի եղել»,- ասել է Խոսրով Հարությունյանը:
Առանց ԵԱՏՄ անդամ երկրներից որեւէ մեկի՝ վարչապետների նիստ չի կարող անցկացվել. Խոսրով Հարությունյանն ասում է՝ կարելի է կռահել, թե ում հորդորով է ապրիլի 8-ի նիստը հետաձգվել: Հետեւությունը պարզ է՝ Ղազախստանի համար հարաբերությունը Ադրբեջանի հետ ավելի կարեւոր է, քան հարաբերությունները ԵԱՏՄ-ի ներսում ընդհանրապես:
«Բելառուսին էլ կարող է չհետաքրքրել, թե ի՞նչ խնդիր ունի Ղազախստանը: Եվրասիական տնտեսական միությունը սեփական հայեցակարգային իրավիճակի փնտրտուքի մեջ է, եւ այդ տեսանկյունից նախապատվությունը տրվում է ոչ այնքան միութենական համագործակցության հեռանկարներին, որքան երկկողմ հարաբերություններին»,- ասել է ԱԺ պատգամավորը:
Հայաստանի մեկ այլ նախկին վարչապետ՝ Հրանտ Բագրատյանը, համոզված է, որ ԵԱՏՄ իրավունք չուներ չեղարկել նախապես հայտարարված նիստը Երեւանում. Հայաստանը կառույցի անդամ է, եւ պետք է զգար նրա աջակցությունը.
«Մենք նեղ օրի ենք: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ պիտի տեղափոխեն Մոսկվա»,- ասել է Հրանտ Բագրատյանը:
Արտաքին քաղաքականության ասպարեզում Հայաստանի քայլերը փափուկ են, չկշռադատված, կոշտացնելու կարիք կա՝ համոզված է Հրանտ Բագրատյանը: Գործող վարչապետը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ վարչապետների Մոսկվայում կայանալիք հանդիպմանը թե ոչ, նախկին վարչապետը պնդում է՝ պետք է չմասնակցել.
«Մի օր պետք է ոչ ասել, որ իրենք սկսեն մեզ հարգել, կարեւորել»,- ասել է Բագրատյանը:
Ի դեպ, Ղազախստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետն ասել է, թե նիստը տեղափոխելու որեւէ լուրջ պատճառ չկա: Վարչապետի մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ եթե, այնուամենայնիվ, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կայանա Մոսկվայում, իր մասնակցության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանը կհայտնի լրացուցիչ:
Source: Yerkir Media
Link: ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հավաքը Երեւանում չի կայանա. ի՞նչն է պատճառը