ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կարմիր խաչին խնդրել են ուսումնասիրել խաղաղ բնակչության սպանության եւ մարմիների խեղման դեպքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտնում հետաքննել, թե ո՞վ է ղարաբաղյան հակամարտության գոտում առաջինը սկսել ռազմական գործողությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի խոսքով, իրենց գերխնդիրն էր՝ օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, հասնել նրան, որ ռազմական գործողությունները չկրկնվեն:

«Մեր հանդիպումներից ընդհանուր եզրակացությունն այն է, որ կողմերը մտադիր են, կամ առնվազն նրանք պատրաստակամություն են դրսեւորում պահպանել Մոսկվայում ձեռք բերված հրադադարը: Հիմնական խնդիրը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելն է»,- Երեւանում հարվիրված ասուլիսում ասաց նա։

Կարեւորագույն հարցերից մեկն էլ, համանախագահների պնդմամբ, զոհվածների աճյունների վերադարձն է, որով զբաղվում է Կարմի խաչի միջազգային կոմիտեն, իսկ այդ հարցի կոորդինացիայով զբաղվում է դեսպան Կասպշիկի գրասենյակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններով: Սա էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն էր՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս են համանախագահները վերաբերվում ադրբեջանական զինվորականների եւ վարձկանների կողմից խաղաղ բնակիչների սպանություններին եւ սպանված քաղաքացիական անձանց ու զինվորականների մարմինների խեղման դեպքերին:

«Տեսել ենք լուսանկարները, լսել ենք այդ մասին տեղեկությունները: Այս հարցը մայրաքաղաքներում եւս բարձրացրել ենք: Կցանկանայի կրկնել, որ խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների խախտումների ցանկացած դեպքի առնչությամբ»,- նշեց Ուորլիքը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումներում համանախագահներն անդրադարձել են այս հարցին եւ խնդրել նրանց մանրամասն ուսումնասիրել արձանագրված դեպքերը:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ռազմական եւ քաղաքական ղեկավարության հետ հանդիպումից համանախագահները քննարկումները կշարունակեն իրենց մայրաքաղաքներում, իսկ այնուհետև կհանդիպեն մեկ շաբաթից, դրանից հետո հնարավոր է, որ նորից այցելեն տարածաշրջան:


Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կարմիր խաչին խնդրել են ուսումնասիրել խաղաղ բնակչության սպանության եւ մարմիների խեղման դեպքերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image