Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի ԱԳՆ-ից ստացված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսին, պատասխանելով Չեխիայի «Օրեր» պարբերականի լրագրողի հարցին, խոսել է նաև Խոջալուի բնակչության հետ Աղդամի մատույցներում տեղի ունեցածի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրականում Մամեդյարովի տասը րոպեանոց ոչինչ չասող ելույթում այդ մասին ակնարկ անգամ չի եղել: Դրանում հնարավոր է համոզվել` դիտելով Մամեդյարովի պատասխանի տեսագրությունը:
Ի դեպ, «Օրեր» պարբերականի ուղղած հարցն այն աստիճանի էր զայրացրել ադրբեջանցիներին, որ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման և մի քանի ժամ է, ինչ վերականգնվել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Չեխիայի մայրաքաղաքում անհարմար դրության մեջ է հայտնվել, երբ փորձել է պատասխանել «Օրեր» պարբերականի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերի վերաբերյալ հարցին:
Խմբագիրն ընդմիջել է՝ նկատելով, որ հարցը ուղղված է ոչ թե Մամեդյարովին, այլ՝ Չեխիայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Սլովակիայի արտգործնախարարներին:
Source: Yerkir Media
Link: Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձել է խեղաթյուրել Մամեդյարովի ելույթը` Պրահայում