news.am — Հայկական կողմը հայտարարեց, որ չի վախենում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) եւ որոշակի հանգամանքների դեպքում վճռականորեն կգնա այդ քայլին: Այսպիսով, Երեւանի պաշտոնատար անձինք վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ դիվանագիտական վերջնագիր են ներկայացնում միջազգային հանրությանը՝ սեփական «կարմիր գիծը» քաշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համար: Այս մասին Արեգ Գալստյանը գրել է The National Interest-ում հրապարակված հոդվածում:
Բազմաթիվ հայ քաղաքական գործիչներ եւ փորձագետներ, ըստ հոդվածագրի, նշում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին բախումները ցուցադրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միակողմանի եւ պասիվ վերաբերմունքը:
«Երկար ժամանակ Երեւանն աչք էր փակում միջնորդների պասիվության վրա եւ հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմության մասին: Այսօր օրավիճակը փոխվել է: Երեւանը դժգոհ է այն փաստից, որ միջազգային հանրությունը հստակ քաղաքական գնահատական չտվեց Ադրբեջանի ագրեսիային՝ փոխարենը նախընտրելով բավարարվել երկու կողմերին ուղղված զգուշավոր կոչով»,- ընդգծել է հեղինակը:
Հայկական կողմը, ըստ հոդվածի, կարծում է, որ Բաքուն այդպիսի մոտեցումն ընկալում է որպես «կանաչ լույս» հետագա սրացման համար: «Այս իրավիճակում Երեւանը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի: Դա համառորեն պահանջում են հայ հասարակությունն ու սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունները»,- նշել է հեղինակը:
Հոդվածագրի համաձայն, ստեղծված իրավիճակում տարածքային ցանկացած զիջում որպես ազգային դավաճանություն կընկալվի, ինչը կհանգեցնի պետության ղեկից իշխող կուսակցության անխուսափելի հեռացմանը:
«Ադրբեջանի պարագայում իրադրությունն այլ է: Նախագահ Իլհամ Ալիեւի կլանի համար Ղարաբաղը բացառապես քաղաքական նշանակություն ունի. այն նրան թույլ է տալիս պահպանել իր ռեժիմի ներքին լեգիտիմությունը: Միջազգային տարբեր հարթակներում Իլհամ Ալիեւը միշտ ընդգծել է, որ աշխարհում ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այդ թվում՝ Հայաստանը: Փաստացի Բաքվի համար կարեւոր է ոչ թե Ղարաբաղի տարածքը, այլ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ներկայացնելու իրավական հնարավորությունը: Դա դե-ֆակտո կարող էր ձեռնտու լինել հայկական կողմի համար եւ դե-յուրե բավարարել ադրբեջանական կողմին: Ամեն դեպքում, ապրիլի սկզբին որոշակի շտկումներ արվեցին»,- ընդգծում է հեղինակը:
Source: Yerkir Media
Link: The National Interest. Երեւանը «կարմիր գիծ» է քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համար