Շվեդիայի Հայ դատը հետամուտ է լինելու Ադրբեջանի գործողություններին արժանի գնահատական տալուն

Շվեդիայում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արշակ Գավաֆյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Շվեդիայի Հայ դատի հանձախումբը հետամուտ է լինելու Ադրբեջանի գործողություններին արժանի գնահատական տալու հարցում:

«Քառօրյա պատերազմը որոշակիորեն փոխեց մեր գործողությունների շեշտադրումը: Հայ դատի հանձնախմբերը միշտ էլ իրենց օրակարգում ունեցել են Արցախի միջազգայինորեն ճանաչման հարցը: Այսօր այդ գործընթացը ոչ միայն նոր թափ պետք է ստանա, այլև տարբեր ուղղություններով ևս պետք է աշխատանք տարվի: Մասնավորապես, ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրության գնահատականների հարցում: Այդ գնահատականներում կամ հայտարարություններում հիմնականում հավասարության նշան է դրվում, այսինքն` կոչերը երկու կողմին են ուղղվում: Այժմ պետք է մեր ջանքներն ավելացնենք, որ այդ մոտեցումը փոխվի»,-ասաց Արշակ Գավաֆյանը:

Դրանից բացի, Արշակ Գավաֆյանի կարծիքով, ջանքերը պետք է ավելացնել Ադրբեջանի վայրագ գործողությունները միջազգային հանրության կողմից դատապարտելու առումով:

«Այդ վայրագությունները հիշեցնում են ծայրահեղ իսլամիստների ձեռագիրը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կամ Սումգայիթի ջարդերը: Ակնհայտ է` այն, ինչ տեսանք քառօրյա պատերազմի ժամանակ, նախկինում եղած վայրենի արարքների շարունակությունն է: Հայոց բանակի զինվորին գլխատելը, քաղաքացիական անձանց թիրախավորելը, ծերերի ականջները կտրելը. միջազգային հանրությունը չպետք է այդ վայրագությունների վրա աչք փակի»,-ասաց Արշակ Գավաֆյանը:

Նա նշեց, որ այդ հարցերի հետ կապված առաջիկայում պաշտոնական նամակներ կուղարկվեն Շվեդիայի համապատասխան գերատեսչություններին: Արշակ Գավաֆյանը նկատեց, որ Եվրոպան ունի սկզբունքներ, բայց միշտ չէ, որ դրանք հարգվում են:

«Իրենք շատ լավ ընդունում են Արցախի իրավունքները, սակայն չեն արտահայտվում, հավասարության նշան են դնում կողմերի միջև: Պատճառը շահն է: Իհարկե, մենք չենք հուսահատվում և շարունակում ենք աշխատել, առաջիկայում մեր ջանքերն ավելացնելու ենք, բայց կարծում եմ, որ պետք է մի բան պարզ լինի բոլորի համար: Մեր երաշխիքը մնում է մեր բանակը: Նույնիսկ, եթե վաղը Ադրբեջանը որևէ փաստաթուղթ ստորագրի, միևնույն է դա երաշխիք չէ, և մենք չենք կարող նրան վստահել: Կրկնում եմ, մեր միակ երաշխիքը բանակն է, դա նշանակում է, որ պետք է հզորացնենք մեր բանակը»,-ասաց Արշակ Գավաֆյանն` ավելացնելով, որ բանակի հզորացման հարցը շեշտադրվեց նաև Արցախում կայացած Հայ դատի հանձնախմբերի համաժողովին:

Ընդգծվեց, որ պետք է մոբիլիզացնել ունեցած ներուժը բանակը հզորացնելու համար: Ըստ նրա` քայլեր պետք է ձեռնարկվեն նաև Հայաստանում` բյուջեի ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Ի դեպ, այս օրերին Շվեդիայում հանգանակություն է իրականացվում Արցախին աջակցելու նպատակով:


Source: Yerkir Media
Link: Շվեդիայի Հայ դատը հետամուտ է լինելու Ադրբեջանի գործողություններին արժանի գնահատական տալուն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image