Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը հայտնել է, որ Սպիտակ տունը չի մեկնաբանում Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի հետ միասինն Սիրիայում ավիահարվածներ հասցնելու առաջարկը: Այս մասին գրում է kommersant-ը:
Պենտագոնի ներկայացուցիչ Միշել Բալդանցանն էլ, մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, հայտնել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում համաձայնեցնել Սիրիայում իր ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Ռուսաստանը մայիսի 25-ից սկսելու է ավիահարվածներ հասցնել «Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման եւ այլ զինված կազմավորումների դիրքերին, ինչի կապակցությամբ առաջարկում է ԱՄՆ-ին եւ դաշնակիցներին համաձայնեցնել գործողությունները եւ հարվածները հասցնել միասին:
«Մենք չենք համագործակցում եւ չենք համաձայնեցնում մեր գործողությունները ռուսական կողմի հետ»,- ասել է Բալդանցան:
Հիշեցնենք, որ Սիրիայում ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում զինված ընդդիմադիր խմբավորումներին, իսկ Ռուսաստանը սատարում է նախագահ Բաշար Ասադի Ռեժիմին:
Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ն չի պատրաստվում համաձայնեցնել Սիրիայում իր ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ