Համագործակցության նոր համաձայնագրի շուրջ Հայաստանի և Եվրոպական Միության բանակցությունները գտնվում են ակտիվ փուլում: Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվել է 2015 թվականի դեկտեմբերին, ներկայում բավականին ակտիվ բանակցային պրոցես կա նոր համաձայնագրի շուրջ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
«Համաձայնագիրն ունի հիմնականում երեք ուղղություն՝ քաղաքական-իրավական բլոկը, ոլորտային համագործակցությունը և առևտուր-ներդրումներ հատվածը։ Եվ սա, ըստ ության, նախկինում խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որ բանակցվել էր, այդ բազայի հիման վրա է՝ հանած այն բաները, որ այլևս չեն կարող ներառվել։ Մասնավորապես՝ խոսքը գնում է մաքսատուրքերի զրոյացման և դրա հետ առնչվող որոշակի հարցերի մասին, որոնք հիմնականում կապակցվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ»,-ասաց Մելքոնյանը։
Փոխնախարարի խոսքով՝ բանակցային գործընթացը նորմալ ընթանում է այս պահին, մի քանի ռաունդ կողմերն արդեն ունեցել են:
«Բառացիորեն մյուս շաբաթվա ընթացքում հերթական ռաունդն է լինելու, որին իմ գործընկերը՝ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, մասնակցելու է: Նա լինելու է Բրյուսելում` քննարկումների համար: Բավական ակտիվ և շատ ավելի հաճախ օգտագործվում է նաև վիդեոկոնֆերանսների ձևաչափը»,- հավելեց փոխնախարարը։
Գարեգին Մելքոնյանը չցանկացավ ժամկետներ նշել, թե երբ հնարավոր կլինի տեսնել բանակցությունների արդյունքը: Փոխնախարարը նկատեց, որ ինքը միշտ խուսափել է ժամկետներ սահմանելուց բանակցային գործընթացների համար։ Նա վստահեցրեց, որ բանակցությունները չեն ձգձգվում, պարզապես փաստաթուղթը շատ մեծ է, ինչպես ասոցացման համաձայնագիրը։ «Բայց այս դեպքում մի նրբություն կա: Ի տարբերություն ասոցացման համաձայնագրի, հիմա մենք անընդհատ լրացուցիչ ներքին մասնագիտական աշխատանք ենք տանում՝ ճշտելու, թե արդյոք Եվրասիական միության շրջանակներում ձեռք բերված պայմանանավորվածությունների մասով հակասություններ չե՞ն առաջանա»,- հստակեցրեց Մելքոնյանը:
Եզրափակելով խոսքը՝ փոխնախարարը նշեց, որ հայկական կողմը հանձնառու է բանակցային գործընթացին, իսկ եվրոպական կողմն ամենայն կառուցողականությամբ ներգրավված է:
«Ես լիահույս եմ, որ մենք խելամիտ ժամանակահատվածում կունենանք որակյալ բանակցված և փոխադարձ շահավետ համաձայնությունների փաթեթ»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ի կողմից որևէ խանգարող հանգամանք կամ խոչընդոտ այս պահին չի տեսնում։
Source: Yerkir Media
Link: Համագործակցության նոր համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցություններն ակտիվ փուլում են