Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հայտարարության մեջ ասվում է.
«Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա:
Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Վարչական վարույթին ապահովվել է օրինական ներկայացուցչի և փաստաբանի մասնակցությունը:
Նկատի ունենալով, որ Շահեն Հարությունյանը որպես պայմանական դատապարտված անչափահաս գտնվում է պատժի կատարման ստորաբաժանման վերահսկողության տակ, վարչական վարույթն իրականացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը»:
Ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ Շահեն Հարությունյանը Գյումրիում «պատրաստվում էր Պապ Ֆրանցիսկոսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում, կա շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալ»:
Նշենք, որ Շահեն Հարությունյանը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին է:
Շանթ Հարությունյանը 2014-ին դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով):
Շահեն Հարությունյանը նույն հոդվածով դատապարտվել է 4 տարի պայմանական ազատազրկման:
Source: Yerkir Media
Link: Գյումրիում պատարագից առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս