Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում գործող «Թայմ Լենդ» հիմնադրամի ջանքերով այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Կալավան է այցելել ավելի քան 400 արտասահմանցի զբոսաշրջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, այցելուները Կալավան են ժամանել հիմնականում Իսրայելից:
«Համադրելով տեղի բնական ու մարդկային ռեսուրսները եւ շեշտը դնելով էկոլոգիապես մաքուր միջավայրի պահպանմանը, գյուղում մեծ արագությամբ զարգացնում ենք էկո տուրիզմը: Ափսոս միայն, որ Կալավան այցելել ցանկացողների թիվը մի քանի անգամ գերազանցում է գյուղի հնարավորությունները: Աշխատանքներ են տարվում գյուղում հյուրատների քանակի ավելացման համար, որը այս պահին համարվում է մեր համայնքի հրատապ խնդիրներից մեկը: Գյուղում գիշերակացի համար հազիվ կարողանում ենք ապահովել 10 տեղ, իսկ մնացածները հարկադրված են լինում գիշերել վրաններում»,-ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:
Նկատի ունենալով շրջակա միջավայրի կարեւորությունը համայնքի զարգացման գործում՝ «Թայմ Լենդ» հիմնադրամը ամերիկյան «Գլոբլ Գրինգրանտս» հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է Կալավան համայնքում շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության գնահատում: Ըստ «Թայմ Լենդ»-ի տնօրենի՝ այս տարվա օգոստոս ամսից կմեկնարկի նաեւ համայնքում օրգանիկ գյուղատնտեսության զարգացման ծրագիրը: Ոլորտի զարգացման համար մշակվում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակ ունեցող տնտեսությունների ցանկն՝ ըստ հողերի գտնվելու վայրերի եւ դրանց սեփականատերերի: Սահմանվում են այդ հողերի նկատմամբ բուֆերային գոտիները, միջոցներ են ձեռնարկվում առանձնացված հողերի սերտիֆիկացման համար:
«Արտասահմանցի զբոսաշրջիկներին առավել հետաքրքրում է շրջակա միջավայրը, պատմության եւ բնության հուշարձանները, գյուղի մարդկանց կենցաղն ու մշակույթը, բուսական ու կենդանական աշխարհը, եւ, առավելապես, քարեդարյան կյանքի մարդու կյանքի վերարտադրությունը, երբ այցելուներին հնարավորություն է տրվում՝ ժամանակավորապես ապրել քարեդարյան մարդու կենցաղով. աշխատել քարե գործիքներով, քարից կրակ ստանալ, սնվել վայրի բույսերով, գտնվել քարեդարյան կացարանում: Բազմաթիվ այլ մտահղացումներ ունենք, որոնք դեպի մեզ են ձգում օտարերկրյա, ինչու ոչ, նաեւ տեղացի զբոսաշրջիկներին: Իհարկե, այս տարվա ամենամեծ իրադարձությունը սեպտեմբերին Ալյասկայում «Արկածային Տուրիզմի Համաշխարհային Համաժողովում» Կալավանի ծրագրերը ներկայացնելն է : Դեպքերի այսպիսի արագ զարգացումը մեզ համար անակնկալ է, բայց սա եւս ապացուցում է ,որ մենք կանգնած ենք ճիշտ ճանապարհին, եւ Գեղարքունիքի մարզը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային զբոսաշրջության ոլորտում»-հավատացնում է «Թայմ Լենդ»-ի տնօրենը:
Վերջինիս կարծիքով՝ ապրիլյան պատերազմը ժամանակավորապես նվազեցրեց օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Կալավան, սակայն մայիսի երկրորդ կեսից հետո այն կրկին ակտիվացավ:
«Նախորդ տարվա համեմատ արտասահմանցիների հոսք Կալավան եթե չի ավելացել, ապա չի էլ պակասել: Բայց հույս ունենք, որ խաղաղության ամրապնդումից հետո մեր բոլոր ձեռնարկներն ավելի հուսալիորեն կիրագործվեն»,-հավելեց Ռոբերտ Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան
Source: Yerkir Media
Link: Կալավան գյուղում մեծ արագությամբ զարգանում է էկո տուրիզմը