Երկշաբաթյա ճամբար՝ լիբանանահայ ուսանողների մասնակցությամբ

ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական միությունն ամեն տարի Արցախում ճամբարային հավաքներ է իրականացնում: Ի ուրախություն Քաշաթաղի երեխաների՝ այս տարի նույնպես ծրագրի շրջանակում լիբանանահայ ուսանողներ են ժամանել Քաշաթաղ: Իրենց շուրջը հավաքելով ավելի քան 100 երեխայի՝ կազմակերպիչներն իրականացնում են մշակութային, պատմական, սպորտային եւ ժամանցային այլ միջոցառումներ:

Երկու շաբաթյա ծրագրին օժանդակում են դպրոցի տնօրինությունն ու Արցախի Հայ Հեղափոխական Դաշնակցության գրասենյակը: Ճամբարի կազմակերպիչները նշում են, որ ծրագիրը մշակել են ամբողջ տարվա ընթացքում: Երեխաների համար հետաքրքրական է դասավանդման նոր մոտեցումն ու երիտասարդ լիբանանահայերի հոգատարությունը: Ծրագրում նաեւ մշակութային միջոցառումներ, ժամանցային ծրագրեր, պարային, երաժշտական ու սպորտային պարապմունքներ են ներառված:

Առավոտյան ժամը 10-ից մինչեւ 16-ը երեխաների առօրյան վստահված է ճամբարի կազմակերպիչներին: Քաշաթաղ ժամանած հինգ երիտասարդները հիմնական շեշտը դնում են երեխաների դաստիարակության հայրենասիրական կողմին: Ազգային երգերն, հերոսների կերպարներն ու պատմություններն ամենափոքրիկ ճամաբարականների համար անգամ տպավորիչ են, իսկ մեծերն արդեն գիտակցում են դասընթացների կարեւորությունը:

 

Կազմակերպիչներն առաջին անգամ են Արցախում: Յուրօրինակ տպավորություններով են հետ դառնալու: Լիբանանի հայ ուսանողների միության անդամ Նարեկ Սարգսյանի համար հենց միջոցառման անցկացման վայրն է կարեւոր: Արցախն իր բնական գրավչությամբ ստեղծագործելու ուժ ու եռանդ է հաղորդում:

 

Երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելուց բացի կազմակերպվում է ճամբարականների ակտիվ հանգիստը: Ծրագրում սպորտային, պարային ծրագրեր ու ազգային ավանդական խաղեր են:

 

Օրեցօր երեխաների հոսքը շատանում, իսկ ճամբարի հետաքրքրությունն ավելանում է: Առաջիկայում երեխաների համար կազմակերպվելու են նաեւ էքսկուրսիաներ:


Source: Yerkir Media
Link: Երկշաբաթյա ճամբար՝ լիբանանահայ ուսանողների մասնակցությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image