«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ ժամը 20:00-ին վայր են դնելու զենքը և դուրս են գալու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարություն է արել, որում հայտնել է խմբի հանձնվելու պատրաստակամության մասին։
Վարուժան Ավետիսյանը, զանգահարելով «Առաջին լրատվական», հայտարարության մեջ մասնավորապես նշել է.
«Ոստիկանությունն այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին: Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք մնացել, երեկ գիշեր գրոհի փորձ ձեռնարկեցին, մեքենայով պատը ջարդեցին, հետո կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով փորձեցինք երկխոսության մտենլ իրենց հետ: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք:
Առաջացած իրավիճակում ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, երկուստեք ծանր կորուստներ ունենալ, հեղելով այն մարդկանց արյունները, որոնք քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշման հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության և շարունակել պայքարը, մնալ ռազմագերու կարգավիճակում, շատ ծանր որոշում էր մեր համար, որոշեցինք ընտրել ռազմագերու կարգավիճակը:Մեր առաքելությունը համարում ենք կատարված:
Ժողովրդական ընդվզումը համարում ենք կատարված, կա ժողովրդական շարժում, նոր զոհեր չտալու համար,մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, մեր կյանքը ոչինչ ենք համարում: Ժողովրդական ընդվզումը շարունակվում է, մեր ժողովուրդը պետք է պայքարի, սա ազգային ազատագրական պայքար է: Չենք թողնի որ մեր երկիրը դառնա ռուսական նահանգ: Զգում ենք ժողովրդի շունչը, հաղթանակը մոտ է, կոչ ենք անում հայ ժողովրդին որոշումը ընդունել՝ դրական քայլ և շարունակելով պայքարը հետևել բանտից մեր կոչերին:
Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, մենք ընդամենը կայծն ենք տվել, ժողովուրդը կշարունակի:
Ցավոք, այդպես չեղավ. ժողովուրդը մի քիչ դանդաղ շարժվեց և ունեցանք այս հանգուցալուծումը, բայց թող դա չընկճի մեր ժողովդրին: Հաստատակամ ենք շարունակելու ենք մեր պայքարը»:
Source: Yerkir Media
Link: ՊՊԾ գունդը գրաված զինյալ խումբը զենքերը վայր է դնում