Ամերիկահայ Ռազմիկ Մաադյանը երրորդ անգամ է Արցախում: Ասում է՝ ապրիլյան պատերազմական լարվածությունը իր Արցախ գալու որոշման վրա չի ազդել: Ընդհակառակը՝ որպես զբոսաշրջիկ Արցախ եկած Ռազմիկը կարծում է, որ եկել է Արցախում հաստատվելու մասին մտածելու ժամանակը: Սակայն բոլորը չէ, որ Ռազմիկի օրինակին են հետեւել այս ամառ:
«Ապրիլյան պատերազմի բացասական ազդեցությունից տուրիզմն անմասն մնալ չէր կարող: Եվ բնականաբար, ցանկացած անկայունություն տուրիզմի վրա ազդում է, այն շատ զգայուն ոլորտ է: Զբոսաշրջիկների թվի նվազում արձանագրեցինք: 2015թ. ապրիլի համեմատությամբ՝ զբոսաշրջիկների այցի նվազումը կազմել է 30 %»,- մեկնաբանում է ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
Վիճակագրության համաձայն՝ օտարերկրացի զբոսաշրջիկներն Արցախում տարեկան շուրջ 3 մլրդ դրամ են թողնում, եւ բնականաբար ապրիլյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ նաեւ Արցախի տնտեսության վրա: Սերգեյ Շահվերդյանն ասում է, որ զբոսաշրջության զարգացոմը չի կարելի դիտարկել զուտ որպես պետական մարմնի աշխատանք: Եվ որպես օրինակ բերում է ֆեյսբուքյան տիրույթում ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակի նախաձեռնած #ԵկԱրցախ հեշթեգով ֆլեշմոբը:
Ըստ Շահվերդյանի՝ Արտակ Բեգլարյանի կոչին արձագանքեցին շատերը, նախաձեռնությունը թափ առավ, եւ դրան միացան հարյուրավոր մարդիկ:
Source: Yerkir Media
Link: Այս տարի Արցախ այցելողների թիվը 30 %-ով նվազել է