Հայաստանում արտակարգ պատահարների թիվը, անցյալ տարվա համեմատ, զգալիորեն նվազել է: Գերատեսչության ներկայացուցիչն այսօր թվային պատկերն է ներկայացրել:
Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ այս ամենը պայմանավորված է նաեւ մեր փրկարարների պատրաստվածության մակարդակով, նաեւ տեխնոլոգիաների զարգացմամբ եւ ներդրմամբ:
«Ուզում եմ ուրախությամբ նշել, որ երկար տարիներ շարունակ մենք չենք ունեցել այսպիսի վիճակագրություն. գրանցվել է բավականին արտակարգ դեպքերի, պատահարների լուրջ նվազում, որն արտահայտվել է նաեւ զոհերի եւ տուժածների թվաքանակում»,- նշում է Հովհաննես Խանգելդյանը։
Վիճակագրության համաձայն՝ 2015 թվականի առաջին կիսամյակի համեմատ, այս տարի արտակարգ պատահարների գրեթե բոլոր դասակարգումներում նվազում է գրանցվել: Հատկապես աչքի են ընկել հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների շարքերում նվազումները։ Առաջին կիսամյակում գրացվել է 1406 հրդեհի դեպք. թիվն անցած տարվա համեմատ նվազել է 22.2%-ով: Դրան օգնել է բնությունը։
«Այս տարի տեղումները շատ էին, եւ այդ պատճառով բուսնած տարածքների հրդեհների դասում սկզբից եւեթ նվազում է եղել, առանձին դասակարգերում մենք հրդեհների աճ ենք ունեցել․ ամառային ժամանակահատված է։ Իսկ անտառածածկ տարածքներում հրդեհները զգալի նվազել են»,- ասում է Խանգելդյանը:
Ճանապարհատրանսպորտային պատահարների դասում այս տարի եւս նվազում է գրանցվել. ցուցանիշը 4,9% է: Նվազել է նաեւ զոհերի տոկոսը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 18.9% է:
«Այս հարցում ոստիկանության միջոցառումներն իրենց դերն ունեն, քաղաքացիների կարգապահությունը եւ ճանապարհների որակը եւս: Ինչու չէ նաեւ ավելի բարձրակարգ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ սրանք էլ իրենց հերթին ազդում են ՃՏՊ-ի նվազման վրա»,- ասում է ԱԻՆ ներկայացուցիչը:
Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ գրանցված նվազումները պայմանավորված են փրկարարների պատրաստվածության մակարդակի եւ գերժամանակակից տեխնոլորգիաների հետ, ինչին պետությունը մեծ ուշադրություն է դարձնում:
Source: Yerkir Media
Link: Արտակարգ պատահարների թիվը նվազել է․ ԱԻՆ-ի վիճակագրություն