Օգոստոսի 20-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում կմեկնարկի շինարարությունը: 10 տարի առաջ Լիդիան Արմենիա, նախկին՝ Գեոթիմ ընկերությունը երկրաբանահետազոտական աշխատանքների արդյունքում այստեղ գտավ առաջին ոսկին:
Այս պահին Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում ամենախոշոր ներդրումային ծրագիրն է: Կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Ոսկու ներկայիս գների պայմաններում ընկերությունը տարեկան մոտ 40-50 միլիոն դոլարի հարկ է վճարելու: Շինարարության 2 տարիների ընթացքում աշխատանքով ապահովվելու է 1300 մարդ, իսկ հանքի շահագործման 10 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 700 մշտական աշխատատեղ:
«Օտարերկրյա ներդրումների նվազման գործընթացում շատ կարեւոր է այս խոշորագույն ծրագրի մեկնարկը: Ուղղակի համոզված եմ, որ Ամուլսարի ծրագիրը տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության մեջ, եւ համոզված եմ, որ նոր աշխատատեղերը կնպաստեն նաեւ մեր ժողովրդի սոցիալտնտեսական խնդիրների լուծմանը»,- նշեց վարչապետը:
«Մենք չունենք գազ, չունենք նավթ, ունենք ընդերք, որի խելացի եւ արդյունավետ օգտագործումը հսկայական ռեզերվ եւ ռեսուրս է ե′ւ մեր բյուջեի, ե′ւ մեր երկրի զարգացման առումով»,- ընդգծեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը:
Լիդիան Արմենիա ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը մանրակերտի օգնությամբ ներկայացնում է՝ ինչպես է ստացվելու վերջնական արտադրանքը՝ ոսկու եւ արծաթի բարձրորակ համաձուլվածքը:
Հանքավայրի ենթակառուցվածքները գտնվում են 2 մարզում՝ Վայոց Ձեր եւ Սյունիք: Հանքի շահագործման բնապահպանական եւ սոցիալական ռիսկերը բացահայտելու, դրանք կանխարգելելու նպատակով ընկերությունն իրականացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:
«Գնահատումը, հանրային լսումներն ավարտված են: ՇՄԱԳ-ը ոչ միայն Հայաստանի չափանիշների համաձայն է արվել, այլ նաեւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում ենք իրականացրել միջազգային լավագույն չափանիշներին համահունչ: Իհարկե հանքարդյունաբերությունն ունի իր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, բայց մենք ցույց կտանք, որ հնարավոր է պատասխանատու հանքարդյունաբերող լինել եւ կայուն ձեւով իրականացնել հանքային գործունեություն»,- ասաց Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:
Բնապահպանական հնարավոր խնդիրներով մտահոգ են նաեւ հարակից համայնքների բնակիչները: Այդ մտահոգությունները մասամբ փարատվել են մասնագետների հետ հանդիպումների արդյունքում:
«Մտահոգությունները սկզբում շատ էին: Մտածում էինք՝ սոցիալիստական տարիներին ինչպես էին կատարում պայթեցումները, բայց իրենք երբ բացատրեցին, թե ոնց է լինելու հանքի շահագործումը…., հարմարվել ենք էդ մտքի հետ, որ պետք է կատարվի»,- ասաց Գորայք համայնքի բնակիչ Մարետա Գրիգորյանը:
Այս պահին նախատեսվում է հանքի շահագործում 10 տարով, «բայց ավելի երկարաժամկետ գործունեություն ենք ակնկալում»,- ասում է Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրենը:
Source: Yerkir Media
Link: Օգոստոսի 20-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում կմեկնարկի շինարարությունը: