Արդեն 8 ամիս է տիկին Սեդան Վանաձորի շուկայում բանջարեղեն է վաճառում, եկամուտն օրվա հացին է միայն հերիքում: Քաղաքում խնդիրները շատ են, սակայն նույնիսկ առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ հույսեր չի կապում: Խոստանում է, ինչ էլ լինի, մասնակցելու է:
Գործազրկություն, ցածր աշխատավարձ, քաղաքի աղտոտված վիճակ․ խնդիրներն անթիվ են, բնակիչներն էլ չեն հավատում դրանց վաղ լուծմանը: Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ նույնիսկ հույսեր չեն կապում, բայց վստահեցնում են նաեւ՝ իրենց քվեն օդում չեն թողնի:
Դաշնակցություն կուսակցությունը, սակայն, կոչ է անում վանաձորցիներին՝ հավատալ փոփոխություններին եւ առաջիկա ավագանու ընտրություններին ակտիվորեն մասնակցել:
Հայաստանի երրորդ քաղաքում նման ընտրություն առաջին անգամ է կայանալու. այն անկացվելու է նոր ընտրակարգով՝ համամասնական ընտրակարգով անկացվելու են ավագանու ընտրությունները, իսկ քաղաքապետերին էլ ընտրելու է հենց ավագանին:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բնակիչներին տեղեկացնում է՝ այսպես համայնքներին շատ ավելի մեծ լիազորություններ են տրվել:
«Ընտրական օրեսնգիրքը մենք փոխեցինք այնպես, որ պայքարի մեջ մտնեն գաղափարները, ծրագրերը, քաղաքական ուժերը. սա նույնպես աննախադեպ է, այսպիսի բան չի եղել, Վանաձորում մենք հիմա մասնակցում ենք ընտրություններին՝ պայքարի մեջ մտնելով քաղաքական ուժերի հետ»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
Կուսակցության անդամներին, համակիրներիներին եւ բնակիչներին Դաշնակցությունը ներկայացրեց կուսակցության կողմից առաջադրված ավագանու ցուցակը, որը գլխավորում է՝ Նելսոն Մամուլյանը, վերջինս ասում է՝ պայքարելու են միայն հաղթելու համար:
«Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտեն իր վրա վերցնում է լիարժեք պատասխանատվություն՝ քաղաքի կառավարման ղեկը վերցնելու եւ Վանաձորը գրավիչ ու գայթակղիչ, հարազատ քաղաք դարձնելու հավակնությամբ»,- հայտարարում է նա:
«Մեծ անելիքներ ունենք»,- ասում է ցուցակի 3-րդ համարի ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանը:
Նրա խոսքով՝ վանաձորցու խնդիրներն իրենց քաջ ծանոթ են, եւ դրանք լուծելու համար են նրանք այս ուղին ընտրել:
«Վանաձորն արդյունաբերական քաղաք էր, երբեմնի ծաղկուն եւ կանաչ քաղաք էր, երբեմնի մտավորական քաղաք էր, ինժեներական քաղաքն էր, եւ այսօր այդ ամենի մեջ մենք կորուստ ենք տեսել, այդ ամենի մեջ հետընթաց ենք տեսել, եւ դա հատկապես մեզ պարտավորեցնում է այսօր մտնել ընտրարշավ, անպայման հաղթել եւ փորձել հետ բերել Վանաձորի հեղինակությունը»,- հայտարարում է Արմենուհի Կյուրեղյան:
Հոկտեմբերի 2-ին վանաձորցին պետք է ընտրի իր ամիջական ղեկավարին, ըստ կուսակցության անդամների՝ այս նոր ղեկավարման համակարգն ուղիղ կապ ունի 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Արմեն Ռուստամյանի խոքսով՝ մեկ անձի իշխանությունից ազատվելու եւ կոլեգիալ ղեկավարելու համար այս ընտրությունները լավ սկիզբ են՝ լիարժեք խորհրդրանական համակարգ ձեւավորելու համար:
Կուսակցության նախընտարական ծրագիրը պատրաստ է, քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 9-ից:
Source: Yerkir Media
Link: Պայքարելու ենք միայն հաղթելու համար․ ՀՅԴ անդամները՝ Վանաձորում