«Թվապատում 2016»-ի ժամանակ ներկայացվեցին մեդիայի նոր ձեւաչափերն ու գործիքները

September 23, 2016

Մատենադարանի մեծ դահլիճ տանող ճանապարհին հայտնված նշաներն արդեն հուշում են՝ «Թվապատում 2016»-ը սկսված է: Նախորդը՝ «Թվապատումը» մեկ տարի առաջ էր: Այս տարի նույնպես կոնֆերանսի հյուրերն են միջազգային ու տեղացի մասնագետներ, որոնք զեկույցների ու գործնական դասերի միջոցով ներկայացնում են մեդիայի նոր ձեւաչափերն ու գործիքները, ինչպես նաեւ միջազգային ու տեղական դաշտի ձեռքբերումները:

Մեդիավերլուծաբան Վասիլի Գատովը Միացիալ Նահանգներից է, ներկայացնում է «ապագայի մեդիան»: Ըստ նրա՝ ոչ մի լրատվամիջոց հարատեւ չէ, քանի որ մարդկային պատմության մեջ այն ամեն անգամ տարբեր ձեւով է հանդես եկել:

«Այսօր մենք դիտում ենք հեռուստացույց, լսում ռադիո, կամ օգտագործում համակարգիչ, հեռախոս… ապագայում եւս նման մի նոր բան կունանք: Այն ճկուն է լինելու եւ ավելի պատասխանատու: Չնայած հիմա այս փաստի հետ կապված համընդհանուր խնդիրներ ունենք, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ այնուամենայնիվ պատասխանատվության պահանջն աշխարհում մեծ է»,- նշում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանից Վասիլի Գատովը:

«Թվապատում 2016»-ի հիմնական թեմաներն են հետաքննական լրագրությունը, հակամարտությունների լուսաբանումը, մեդիայի նոր գործիքներն ու միտումները: Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ նոր մեդիա թեմայի կարեւորությունը բավականին մեծ է, քանի որ առանց դրա թվային պատմությունների մասին խոսել չի ստացվի:

Բիլայն ընկերության տնօրեն Անդրեյ Պյատախինը նշում է՝ այս կոնֆերանսին մասանակցությունն են ունենում, քանի որ հավատում են, որ միջազգային փորձը եւ այստեղ եկած բանախոսները կարող են Հայաստանի լրագրության մակարդակն ավելի բարելավել. «Այն գիտելիքները, որ տեղի լրագրողները ձեռք կբերեն, վստահաբար կազդեն մեդիա դաշտի վրա»:

«Թվապատում 2016»-ի հիմնական հովանավոր Բիլայնի եւ Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի ավանդական գործընկերների շնորհիվ կոնֆերնասը մասնակիցներին ներկայանում է հագեցած օրակարգով: Հիմնական բանախոսություններից բացի միջազգային մասնագետներն անցկացնում են նաեւ գործնական դասեր:

Երկօրյա կոնֆերանսին հաջորդելու է «Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի տնօրենն ասում է՝ այս տարի մրցույթը բավականին հաջող է անցել. դիմողների թիվն ավելի մեծ է. 130-ից ավելի հայտ է ներկայացվել՝ 76 լրագրող 35 լրատվամիջոցից: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան հենց կոնֆերանսի ավարտին:

 


Source: Yerkir Media
Link: «Թվապատում 2016»-ի ժամանակ ներկայացվեցին մեդիայի նոր ձեւաչափերն ու գործիքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image