Մերկելը չորրորդ անգամ կառաջադրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Անգելա Մերկելը չորրորդ անգամ կառաջադրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Նորբերտ Ռետգենին՝ Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության ներկայացուցչին, որը գլխավորում է Մերկելը: ԳԴՀ-ի կանցլերը կորոշվի Բունդեսթագի ընտրությունների արդյունքում, որոնք տեղի կունենան 2017 թվականի աշնանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ Մերկելը որոշում է ընդունել վերստին առաջադրել իր թեկնածությունն ընտրություններում, որովհետեւ դա անհրաժեշտ է համարում աշխարհում Արեւմուտքի դերի ուժեղացման համար:

«Նա (Մերկելը) կառաջադրվի կանցլերի պաշտոնում,- CNN-ին հայտարարել Է Ռետգենը:- Նա լի Է վճռականությամբ, ցանկանում Է եւ պատրաստ Է իր ավանդը ներդնել միջազգային լիբերալ կարգի ուժեղացման գործում»:

Ռետգենը նաեւ հասկանալ է տվել, որ Գերմանիայի կանցլերը դրանում ակնկալում է ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի աջակցությունը:

Գերմանիայի նախարարների կաբինետում չեն հաստատել ու չեն հերքել այդ տեղեկատվությունը: «Համապատասխան հարցը հասցեագրեք ՔԴՄ-ի մամուլի ծառայությանը»,- ՏԱՍՍ-ին հայտնել են կառավարությունում:

Անգելա Մերկելը՝ որպես ՔԴՄ/ՔՍՄ-ի առաջնորդ, Բունդեսթագի ընտրությունները շահել է 2005, 2009 եւ 2013 թվականներին: Խորհրդարանական հաջորդ ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերին:


Source: Yerkir Media
Link: Մերկելը չորրորդ անգամ կառաջադրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image