Երեւանի Ֆիզիկամաթեմատիկական, «Քվանտ», Գյումրիի «Ֆոտոն» եւ Վանաձորի «Էվրիկա» վարժարանների աշակերտները տեսակապի միոջոցով քննարկում են ֆիզիկայի օլիմպիադաներին առաջադրվող բարդ խնդիրներից մեկը, առաջարկում լուծման իրենց տարբերակաները:
Սա մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցների միջեւ հեռավար դասեր անցկացնելու արդեն 4-րդ փորձն է: Կրթության որակը բարձրացնելու եւ բոլորին հասանելի դարձնելու համար ոլորտի պատասխանատուները դիմել են տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգնությանը: Մարզային շատ դպրոցներում ուսուցչի թափուր հաստիքներ կան: Հեռավար դասերը, սակայն, ուսուցման ավանդական ձեւին չեն փոխարինում: Օժանդակելու են, լրացնեն բացը:
«Եթե որեւէ համայնքում չկա համապատասխան մասնագետ, չարյաց փոքրագույնը՝ այս ձեւով կարող ենք ինչ-որ կերպ դպրոցներին օգնել, կազմակերպել հեռավար դասեր, բացատրել աշակերտներին, մինչեւ մասնագետների խնդիրը կլուծվի»,- նշեց Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը:
Վանաձորի «Էվրիկա» վարժարանի տնօրենը ներկայացնում է խնդիրը, իսկ ֆիզմաթի աշակերտներն արդեն պատասխանն են քննարկում:
Խաչատուրը պատրաստվում է ֆիզիկա առարկայից միջազգային օլիմպիադայի: Ասում է՝ այլ դպրոցների իր հասակակիցների հետ այսպիսի շփումը կարող է օգտակար լինել:
«Եթե ինտերնետի որակն ավելի լավ լինի, դասաժամն ավելի արդյունավետ կլինի: Հետաքրքիր է, որ խնդիրն առաջարկվում է, պետք է մտածենք, ու մրցութային ինչ-որ բան կա մեջը, դա խթանում է աշակերտներին մտածել այդ պահին»,- ասաց Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Խաչատուր Նազարյանը:
Տեխնիկական խնդիրների պատճառով դասը սկսեց ուշացումով ու պարբերաբար ընդհատվեց: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենն ասում է, որ հեռավար դասերի անցկացաման համար ուսուցիչների ու տնօրենների վերապատրաստում են կազմակերպում: Դպրոցների գերակշիռ մասը տեխնիկական ապահովման կարիք ունի: Ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ նվազագույն միջոցները կան: Համալրման խնդիրը կլուծվի ընթացքում:
«Դպրոցների մեծ մասում 1-5 համակարգիչ կա: Իհարկե ունենք դպրոցներ, որտեղ ընդամենը 1 համակարգիչ է: Դպրոցների մեծ մասն էլեկտրոնային գրատախտակներ չունի եւ այլ տեխնիկական միջոցներ: Պետք է մտածել այդ ենթակառուցվածքների մասին եւս»,- ընդգծեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօերն Արտակ Պողոսյանը:
Հեռավար տեսադասերի անցկացումն առայժմ փորձնական ծրագիր է: Առաջիկայում ոլորտի պատասխանատուները, հանրակրթական հաստատությունների ներկայացուցիչները կամփոփեն արդյունքները, կքաննարկեն ու կորոշեն մեթոդները, ուսուցման ծրագիրը:
Source: Yerkir Media
Link: Երեւանի, Գյումրիի ու Վանաձոր աշակերտները տեսակապի միջոցով միասին դաս են անկացնում