ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Ժան Մարկ Էյրոն նոյեմբերի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Արծարծվել են մերձավորարեւելյան կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում գտնելու նպատակով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գործունեությանն աջակցելու հարցերը»,- նշել են նախարարությունում:
Սիրիայի իրադրությունը քննարկելիս Լավրովն ընդգծել է միակողմանի գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք այդ երկրում հակամարտության սաստկացում են հրահրում:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները նաեւ քննարկել են «նորմանդական քառյակի» առաջնահերթ խնդիրները ներուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Մինսկի համաձայնությունների կատարման համատեքստում:
Source: Yerkir Media
Link: Սերգեյ Լավրովը եւ Ժան Մարկ Էյրոն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը