Ապրիլին տեղահանված ԼՂՀ 3315 բնակիչներ հումանիտար օգնություն են ստացել

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության բաժնի հետ սերտ համագործակցությամբ հումանիտար օգնություն է բաշխել Լեռնային Ղարաբաղի ապրիլյան կոնֆլիկտից տուժած և տեղահանված բնակչությանն Արցախում և Հայաստանում:

Պետք է նշել, որ «Կլոր սեղանը» միջազգային «Եկեղեցիների համատեղ գործողություն» (ACT Alliance-Action by Churches Together Alliance) ցանցի անդամ է, որն ունի Արագ արձագանքման ֆինանսական գործիք:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը, «Օգտվելով «Եկեղեցիների համատեղ գործողություն» ցանցի միջոցներից` մենք կարողացանք անհապաղ արձագանքել՝ արդեն ապրիլի 8-ից: Իսկ մինչև հուլիսի 8-ը սահմանամերձ գոտու 3315 տեղահանված բնակիչներ ստացան մոտ 50 կգ  բազմատեսակ նպարեղեն, մսի և ձկան պահածոներ, բուսական յուղ, նաև հիգիենիկ փաթեթներ: Այդ ընտանիքները, որոնց մենք դժվարությամբ հայտնաբերեցինք Արցախի և Հայաստանի բազմաթիվ համայնքներում, ստացան գոնե մի փոքր օգնություն»,-ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ հաշվի են առել տուժած բնակչության կարիքները:

Հումանիտար օգնությունը բաշխվել է ԼՂՀ-ի քաղաքներում և գյուղերում՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Շահումյան, Վանք, Առաջաձոր, Մատաղիս և այլն, ինչպես նաև Հայաստանի այն մարզերում, որտեղ մեծ թվով տեղահանված ընտանիքներ են պատսպարվել՝ Արմավիր, Կոտայք, Շիրակ, Գուգարք, Սյունիք և այլն:


Source: Yerkir Media
Link: Ապրիլին տեղահանված ԼՂՀ 3315 բնակիչներ հումանիտար օգնություն են ստացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image