Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը դեկտեմբերի 6-ին պաշտոնաթողության խնդրագիր կներկայացնի պետության ղեկավար Ֆրանսուա Օլանդին: Այդուհետեւ 54-ամյա քաղաքական գործիչը գործունեությունը կշարունակի արդեն նոր՝ նախագահի թեկնածուի կարգավիճակով:
Դեկտեմբերի 5-ին Էվրիի քաղաքապետարանում նրա ունեցած ելույթը, որի ընթացքում նա հայտարարեց առաջիկա պաշտոնաթողության եւ հանրապետության բարձրագույն պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին, աչքի էր ընկնում հակիրճությամբ. հարգալիր մի քանի խոսք Ֆրանսուա Օլանդի վերաբերյալ, սոցիալիստներին ու Ֆրանսիան միավորելու խոստում, երկու-երեք նետ ընդդիմախոսների՝ աջ կենտրոնամետների ու Ազգային ճակատի ուղղությամբ եւ նախազգուշացում՝ «ոչինչ կանխորոշված չէ»: Դրա համար միանգամայն բավարար էր 20 րոպեն:
Վալսը խոստացել է «արդիականացնել, բայց պահպանել ֆրանսիական մոդելը»: Արտաքին գործերում նա շեշտը դրել է Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում «անկախ ու սկզբունքներից չընկրկող» ուղեգծի վրա: Նա հավաստել է արտաքին քաղաքականության եվրոպական կողմնորոշումը:
Վալսի մրցակիցը կդառնա Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Source: Yerkir Media
Link: Մանուել Վալսը թողնում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը