Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 54-ի, տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհերի մասին:
Ինչպես նշել է գեներալ-մայոր Տատան Սուլեյմանը, 52 զոհվածների մարմիններ հայտնաբերվել են Պիդիջայայի օկրուգում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ շրջանն է, եւս երկու զոհվածների գտել են հարեւան Բիրյոենի շրջանում: Տեղեկացվում է, որ առնվազն 78 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել:
6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի առավոտյան Սումատրա կղզուց ոչ հեռու: Ավերված շենքերի փլատակների տակ տասնյակ մարդիկ են մնում: Փրկարարական աշխատանքներին խանգարում է տեղանքի բարդ լանդշաֆտը: Պիդիջայայի հիվանդանոցները լեփլեցուն են տուժածներով, մարդկանց մի մասին հարկ է լինում ուղարկել հարեւան շրջաններ:
Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության տեղական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ երկրաշարժն ավերել է բազմաթիվ մզկիթներ, հանրային օգտագործման շինություններ եւ բնակելի շենքեր, բայց առայժմ հնրավոր չէ ստույգ գնահատել աղետի մասշտաբները:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն համապատասխան բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին ցուցում է տվել շտապ կարգով օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Source: Yerkir Media
Link: Սումատրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 54-ի