Երաժիշտ, նկարիչ Ստաս Նամինի 65-ամյակը նշվում է նաեւ Հայաստանում

Երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինի 65-ամյակը նշվում է նաեւ Հայաստանում: Դեկտեմբերի 14-20-ն արվեստագետը երեւանյան հանդսիատեսին կներկայանա արվեստի տարբեր ժանրերում՝ կերպարվեստ, թատրոն, երաժշտություն եւ կինո: Բազմաբնույթ միջոցառումների ցանկից Ստաս Նամինը լրագրողների հետ հանդիպմանն առանձնացրել է Սարոյանի համանուն գործի հիման վրա ստեղծված «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Արվեստագետը նշել է, որ Սարոյանն իրեն ուղեկցել է ամբողջ կյանքում եւ ուրախ է, որ ներկայացման պրեմիերան հենց Հայաստանում է կայանալու: Ներկայացվել է նաեւ Ստաս Նամինի մոր՝ երաժշտագետ, հրապարակախոս Նամի Միկոյանի «Գրիգոր Շինարար» գրքի շնորհանդեսը: Այն նվիրված է 1937-1953 թթ. ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին:

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն էլ ընդգծել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական համագործակցության հերթական դրսեւորումն է, այլեւ մեր ազգի տաղանդավոր գործիչներից մեկին ավելի լավ ճանաչելու հրաշալի առիթ:

Ի դեպ, Ստաս Նամինը՝ Անաստաս Միկոյան կրտսերը, Խորհրդային Միության պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռն է:

«Հայկական մշակույթն ամենակարեւորն է, որ ընդհանրապես գոյություն ունի: Հայաստանի գենետիկ կոդը հարյուր հազարավոր տարիներ գոյություն ունի հենց այդ զարմանահրաշ մշակույթի շնորհիվ, եւ ես շատ եմ ուզում, որ այն շարունակվի»,- նշեց Ստաս Նամինը:

«Մեծ ուրախություն է ինձ համար, որ հայերենով լույս է տեսել իմ «Գրիգոր Շինարար» գիրքը: Այն ինձ որդեգրած մարդու՝ իմ հոր, իմ դաստիարակի մասին է: Կուզեի, որ նրա ով լինելու եւ նրա արարքների մասին շատերն իմանային»,- հավելեց Նամի Միկոյանը:


Source: Yerkir Media
Link: Երաժիշտ, նկարիչ Ստաս Նամինի 65-ամյակը նշվում է նաեւ Հայաստանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image