Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին դիմել Հայաստանի աջակցության համար:
Դրա համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել՝ խնդրելով նախագահ Թրամփին աջակցել հայերին մտահոգող խնդիրների հարցում, որոնք են՝ ավելի սերտ հայ-ամերիկյան հարաբերությունները, Արցախի անկախությունն ու անվտանգությունը, ինչպես նաև արդարություն Հայոց ցեղասպանության հարցում: Այդ կոչով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել Facebook-ի իր պաշտոնական էջում և կոչ է արել այցելել anca.org/trump հասցեով և ուղարկել նամակը:
Նամակն ուղարկելու համար անհրաժեշտ է գրել անունը, հասցեն և հեռախոսահամարը և ուղարկել նամակը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության առթիվ և կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
«Հայկական ժառանգությամբ ԱՄՆ քաղաքացիների և ԱՄՆ ամբողջ տարածքից Հայաստանի բարեկամների անունից ցանկանում ենք աշխատել նախագահ Թրամփի հետ մեր երկրի համաշխարհային առաջնորդության համար այս առանցքային պահին` նոր գաղափարներ և էներգիա բերելու համար հայկական հարցերում ԱՄՆ քաղաքականության մեջ: Պետք է ամրապնդենք հայ-ամերիկյան հարաբերությունները և կրկին հզորացնենք բարեկամությունը, որը շարունակաբար կապել է մեր երկու ժողովուրդներին»,- ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:
Source: Yerkir Media
Link: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել դիմել Թրամփին՝ Հայաստանի աջակցության համար (տեսանյութ)