armtimes.com— Լեհ հայտնի լրագրող Թոմաշ Մացեյչուկը որոշել է ֆիլմ նկարահանել Արցախի մասին: Իր որոշման մասին նա գրել է «В контакте» սոցիալական ցանցում: Նա, մասնավորապես, նշել է, թե մի ռուս զինվորական լրագրողի հետ քննարկում է Արցախի մասին վավերագրական ֆիլմի նկարահանման հնարավորությունը:
«Ցանկանում էինք ֆիլմ նկարահանել Ղրիմի մասին, սակայն, հավանաբար, մեր առաջին համատեղ ռուս-լեհական նախագիծը կլինի քաղաքակրթությունների բախումը Հայաստանում, մի պատերազմի մասին, որում հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնեական աշխարհը մահմեդականներից: Եվրոպան պետք է սթափվի եւ եզրակացություններ անի. Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր: Եւ Արցախի դեպքում ողբերգությունը կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Մենք պետք է հնարավորինս շուտ գիտակցենք այդ սպառնալիքը եւ համարժեք քայլեր ձեռնարկենք: Քաղաքակրթությունների պատերազմ է ընթանում. Արցախ, Կոսովո, Ռուսաստանի եւ Եվրոպայի մահմեդականացում: Կամ մենք պետք է գիտակցենք հիմա, կամ էլ՝ 50 տարի անց մեր թոռներին կստիպեն ապրել մահմեդականների պես»,- գրել է Մացեյչուկը:
Լրագրողի որոշման մասին հայտնի դառնալուց հետո նրա հասցեին սպառնալիքների մեծ տարափ է սկսվել: Ադրբեջանցի օգտատերերն ու անանուն գրանցված անձինք լրագրողին սպառնում են հաշվեհարդարով՝ ընդհուպ խոստանալով ֆիզիկապես ոչնչացնել նրան ու նրա ընտանիքի անդամներին: Որոշ ադրբեջանցի օգտատերեր նույնիսկ նրանից պահանջում են ներողություն խնդրել:
Իր հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ լեհ լրագրողը նոր գրառում է արել.
«Արցախի հարցում իմ ունեցած դիրքորոշման համար սպառնալիքներ եմ ստանում: Ինձ փորձում են վախեցնել այն բանի համար, որ ես պաշտպանում եմ հայկական Արցախը, պաշտպանում եմ հայերին մահմեդականներից, որոնք մի անգամ արդեն իրականացրել են հայ ժողովրդի ցեղասպանություն: Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի ոչնչացնել Հայաստանը եւ իրենց օգտին լուծել հայ ժողովրդի գոյության հարցը: Հայերը եվրոպական քաղաքակրթության մի մասն են եւ մենք պարտավոր ենք նրանց օգնել մահմեդական աշխարհի եւ Թուրանի հարձակման դեպքում:
Շուտով կրկին հանդես կգամ ռուսական հեռուստատեսությամբ եւ խոստանում եմ բարձրացնել Արցախի հիմնահարցը: Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ եւ երբեք չեմ կանգնի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողքին՝ ընդդեմ Հայաստանի: Լեհ թագավոր Յան Սոբեսկի 3-րդը ժամանակին ցույց է տվել, թե ինչպես պետք է խոսել Թուրանի հետ եւ այդպես էլ պետք է շարունակել: Թեման փակված է»:
Ի պատասխան ներողություն խնդրելու պահանջների՝ նա գրել է.
«Ոչ մի ներողություն էլ չի լինելու: Թող ավելի լավ է նախ Թուրքիան հայերից ներողություն խնդրի Ցեղասպանության համար»:
Շարունակությունն՝ այստեղ
Source: Yerkir Media
Link: Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել լեհ լրագրողի հետ՝ Արցախի մասին ֆիլմ նկարելու համար