Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում բանկերի և վարկային կազմկերպությունների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ տույժեր կամ տուգանքներ կիրառելու հարցերին:
Վարչապետը նշեց, որ դա անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար:
«Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին, նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ասաց վարչապետը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: ԿԲ նախագահի խոսքով, նախորդ տարի այս առնչությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը գտնվում է Ազգային ժողովում, անցել է երկու ընթերցում:
Վարչապետ Կարապետյանը ԿԲ նախագահին կոչ արեց կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:
Source: Yerkir Media
Link: Խրախուսանք՝ տույժերի փոխարեն. հանձնարարվեց որոշել վարկային հարաբերությունների կարգավորման հարցը