Կառավարության այս նիստն էլ սկսվեց հանձնարարականներով։ Կառավարությունում պատրաստվում են հաշվետվություն ներկայացնել 2017 թվականի առաջին կիսամյակի վերաբերյալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ իրենց համար շատ կարևոր է համայնքների և մարզերի զագացման պլանները, իսկ զարգացման պլաններ մշակելու և արված աշխատանքները զեկուցելու համար Հայաստանի տասը մարզերում կանցկացվեն խորհրդակցություններ:
«Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ 20 օրվա ընթացքում կառավարություն ներկայացնել իրականացված գործողությունների հետևանքով արձանագրված արդյունքները: Ներկայացնել այն կոնկրետ արդյունքները, որոնք նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը, նպաստել են բիզնես միջավայրի զարգացմանը, ապահովել են քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- ասաց Կարապետյանը:
Նա նշեց, որ մարզպետները պետք է ներկայացնեն այն պաշտոնյաների ցանկը, որոնց մասնակցությամբ պետք է անցկացվի խորհրդակցությունը. «Պետք է ցանկ և ժամ ունենանք: Անցկացնելու ենք կառավարության նիստի նման մի խորհրդակցություն: Ինչո՞ւ չենք ասում կառավարության արտահերթ նիստ՝ որ ամբողջ կազմով չգնանք: Առաջարկում եմ դա անցկացնել շաբաթ օրը, որպեսզի մեր աշխատանքներին չխանգարի»,- ասաց Կարապետյանը։
Նա հայտարարեց, որ մի շարք հավատարմագրված պարենային ու ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են հայտագրված ոլորտներից դուրս ոչ ամբողջական ու հակասող փորձարկումների դեպքեր, որոնք հանդիսանում են լաբորատորիաների գործունեության դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր։
Ըստ Կարապետյանի, նշված դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը, նաև բացասաբար են ազդում արտադրանքի վարկանիշի վրա։
Նա հանձնարարեց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին՝ մեկամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ՝ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ։
Կարեն Կարապետյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել գործող իրավական ակտերով նախատեսված արտահերթ ու պարբերաբար գնահատումներ իրականացվող ընթացակարգերին։
«Շատ ուշադիր պետք է լինել, որպեսզի մեր չինովնիկը իրեն չափազանց կարևոր չզգա, մենք լաբորատորիաները լիբերալիզացրել ենք, որպեսզի բիզնես անող մարդկանց հնարավորություն տանք, մյուս կողմից մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որևիցե երկրում դա մեր վարկանիշը չի գցում, այստեղ վտանգ կա, հատուկ հսկողության տակ կդնեք, որ լաբորատորիաներում աժիոտաժ չառաջացնենք ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք», — եզրափակեց վարչապետը։
Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյան. «Շատ ուշադիր պետք է լինել, որպեսզի մեր չինովնիկն իրեն չափազանց կարեւոր չզգա»