mediamax.am- Արցախի կառավարությունը որոշել է 2018 թվականի հունվարի 1-ից բնակարան կամ բնակելի տուն գնել կամ կառուցել հինգ եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար:
Միաժամանակ բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու իրավունք են ստանում նաեւ 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հինգ եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:
Ծրագրից օգտվելու առաջնահերթությունը կտրվի այն ընտանիքներին, որոնցում ծնողներից մեկը կամ նրա ծնողը զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամ է կամ զոհվել (մահացել) է Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ եւ կամ զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս, կամ երեխաների միակ ծնողը մահացել է, կամ երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի:
Նույն որոշմամբ հաստատվել է, որ բնակարան կամ բնակելի տուն կգնվի կամ բնակելի տուն կկառուցվի որոշման ընդունման պահից 3 տարվա ընթացքում, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ եւ մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը հինգ եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ 5 տարվա ընթացքում:
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուսումնասիրություն կատարել՝ մյուս ուժային կառույցների աշխատակիցներին եւս ծրագրում հետագայում ընդգրկելու նպատակով:
Source: Yerkir Media
Link: Արցախում անվճար տներ կկառուցեն բազմազավակ ընտանիքների համար