«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհից մեկ ամիս անց ամերիկացի մասնագետները ուսումնասիրություն են սկսել տարածքում` պարզելու անտառի վիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի հետեւանքով ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ եւ բույսեր չեն տուժել:
«Սեւ անգղը հիմնականում բնադրվում է գիհի ծառատեսակի վրա: Խոսրովի անտառում կոնկրետ գիտեն՝ որ հատվածներում եւ որ ծառերի վրա է սեւ անգղի բնադրավայրերը: Անտառի վնասված հատվածում սեւ անգղի բույն չկա, արգելոցի չայրված հատվածներում էլ գիհին լիարժեք պահպանված է»,-ասաց նա:
Անտառի վերականգնման ժամկետների հետ կապված ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը բացառեց մարդու ցանկացած ներգործություն՝ թեկուզ դրական իմաստով:
«Անտառը պետք է իր բնական ընթացքով վերականգնվի: Վերականգնման ժամկետների եւ ծավալների մասին վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ մեկ տարի հետո` գարնանը: Ներկայում անտառում կան այրվածքներ ստացած ծառեր, որոնց կենսունակությունը հնարավոր կլինի պարզել միայն դրանք ծաղկելուց հետո»,- ասաց նա:
Խոսրովի արգելոցից հրդեհի հետեւանքով այլ վայրեր տեղափոխված կենդանիների հարցը եւս լուծված է: Նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով արգելոցի մերձակա բարձրադիր գոտիներում որսն արգելված է:
Source: Yerkir Media
Link: Խոսրովի անտառի հրդեհից «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ եւ բույսեր չեն տուժել