armsport.am— Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը 1:6 հաշվով պարտվեց Լեհաստանի ընտրանուն: Խաղից հետո մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
— Ընդունո՞ւմ եք, որ կազմը սխալ էիք ընտրել:
— Ոչ:
— Պաշտպանությունում ոչինչ չի ստացվում: Պետք է մոռանա՞նք այս խաղերը:
— Այս հանդիպումը օգուտ տալ չի կարող: Սա ուղղակի խայտառակություն էր: Ավելի լավ կլիներ մարտավարական սխալներով պարտվեինք, այլ ոչ մանկական սխալներ թույլ տայինք: 1:6… ինչի՞ մասին է խոսքը:
— Ի՞նչ ելք եք տեսնում:
— Այս պահին դժվար է պատասխանել: Անհնար է պատասխանել: Ելքն այն է, որ ուժեղ առաջնություն ունենանք: Հույսը վերջում է մահանում, մնանք հույսով:
— Մեկնաբանեք Մելիքսեթյանի խաղը:
— Անհատապես ֆուտբոլիստներին չեմ մեկնաբանել, այսօր էլ զերծ կմնամ: Հոգեբանական առումով բարդ է. 2-րդ րոպեին ընդունած գոլ, կարծես վերականգնվեցինք, բայց սխալ և 2-րդ գոլը: 1:3-ից հետո ինչ-որ բան անում էինք, բայց եղավ 4-րդ գոլը, որը կոտրեց մեզ: Ֆուտբոլը հոգեբանություն է: Բոլոր ֆուտբոլիստները պետք է ավելի շատ աշխատեն. ժամանակն է, որ նրանք ավելի լավ է շատ մտածեն: Ավելի լավ է «գետինը մտնեի», քան այստեղ գայի և խոսեի:
— Ինչպե՞ս եք տրամադրվելու առաջիկա խաղին:
— Սա իմ մարզչական կարիերայի ամենացավալիպարտություն էր: Այլ միջոց չունենք. պարտավոր ենք վերականգնվել և Ղազախստանում չխայտառակվել: Վաղը նոր օր է… Գնալու ենք Ղազախստան միավորներ վաստակելու համար:
Source: Yerkir Media
Link: Արթուր Պետրոսյան․ «Սա իմ մարզչական կարիերայի ամենացավալի պարտություն էր»