2018-ին կանխատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. ֆինանսների նախարար
October 30, 2017
Ազգային ժողովում շարունակվում է բյուջե-2018-ի քննարկումը։ Վարչապետ Կարեն Կարապետյանին հաջորդեց ֆինանսների նախարարը։
Վարդան Արամյանն ասաց, որ 2017 թվականի վերջին մեր երկրի տնտեսական աճը կտատանվի 4-4.3 տոկոսի միջակայքում։ «2017-ին կանխատեսում ենք մի փոքր ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսված էր 2017 թվականի բյուջեով։ Բյուջեի նախագծում դրված էր 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, բայց մենք հավակնում ենք տարվա վերջին 4.3 տոկոս ունենալ», — ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ 2017 թվականին տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերը եղել են արդյունաբերությունը և ծառայությունները, մասնավորապես, մանրածախ և մեծածախ գնումներն ու հանգստի և մշակույթի հետ կապված ծառայությունները։
Ըստ Արամյանի, տուրիզմի ոլորտում այս տարի աննախադեպ աճ գրանցվեց՝ ավելի քան 30 տոկոս։ Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա գալիք տարի կանխատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ։
Արամյանն ընդգծեց, որ 2018-ի բյուջեով Հայաստանի կառավարության պարտքը հնարավոր կլինի 1 տոկոսով նվազեցնել։