Թուրքիայում դատապարտյալներն ավելի շատ են, քան 13 նահանգների բնակիչները

November 29, 2017

Թուրքիայի խորհրդարանի Մարդու Իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր գործիչ Գամզե Իլգեզին, հիմնվելով արդարադատության նախարարության տրամադրած տվյալների վրա, զեկույց է կազմել երկրի բանտերում գտնվող դատապարտյալների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Demokrathaber.net»-ը:

Զեկույցի համաձայն՝ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ երկրում կա 230.735 դատապարտյալ: Ուշագրավ է, որ բանտարկյալների թիվը ավելին է, քան Թուրքիայի 13 նահանգների բնակչության թիվը միասին (2016-ի մարդահամարի տվյալնեով):

Ի դեպ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո բանտարկյալների թիվը ավելի քան 3 անգամ ավելացել է՝ 59 հազարից հասնելով 186 հազարի: Իսկ միայն վերջին 11 ամիսների ընթացքում դատապարտյալների թիվն աճել է 15%-ով և շարունակում է աճել:

Ըստ զեկույցի՝ հատկապես աճ է նկատվում կին դատապարտյալների թվում: Եթե 2002 թվականին թուրքական բանտերում կար 2108 կին, ապա ԱԶԿ-ի՝ իշխանության գալուց հետո, նրանց թիվը 2017 թվականին հասել է 10277-ի:  Այսինքն, վերջին 15 տարում կին դատապարտյալների թիվն աճել է 388  տոկոսով:

Զեկույցը մանրամասն տեղեկություն է պարունակում նաև դատապարտյալների գործած հանցագործությունների, մասնագիտության, ամուսնական դրության վերաբերյալ: Ըստ այդմ՝ դատապարտյալներից 165441-ը դատապարտված են քրեական հանցագործության, 62669-ը՝ ահաբեկչության հետ կապ ունենալու, 2625-ը՝ շահ հետապնդող հանցագործ խմբավորումներին անդամակցելու մեղադրանքով:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում դատապարտյալներն ավելի շատ են, քան 13 նահանգների բնակիչները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image