Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով դեկտեմբերի 12-ին պաշտոնական այցով ժամանել է Աթենք, առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ։
Հանդիպումից հետո նախարար Կոձիասի ուղեկցությամբ, Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում, Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով։
ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությղան ղեկավարը ներկայացրեց Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի առաջնորդող դերակատարությանը։
ՀՀ արտգործնախարարի ելույթում կարևոր տեղ էր հատկացված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին, հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։
Ելույթից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների հարցերին։
Source: Yerkir Media
Link: Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ