Ամանորի եւ Սուրբծննդյան տոների առթիվ երեխաները Ձմեռ պապիկների եւ Ձյունանուշների պակաս չեն զգա: Նրանք կլինեն մայրաքաղաքի ամենահանրային վայրերում` Հանրապետության հրապարակում, Ազատության եւ Հյուսիսային պողոտաներում:
«Արմենպրես»—ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի Երեւանի քաղաքապետարանը Ձմեռ պապիկների, Ձյունանուշների, ինչպես նաեւ տարբեր կերպարների ստուգատես է անցկացնում եւ ընտրում այն մարդկանց, ովքեր ունեն համապատասխան հմտություններ:
Հովհաննիսյանը նշեց, որ իրենք հիմնականում ստուգում են դիմողների պատրաստվածությունը, նրանց լեզվի իմացությունը: «Մենք նաեւ ուղղորդում ենք, թե նրանք ինչպես շփվեն բնակչության, ինչպես նաեւ զբոսաշրջիկների հետ»,- ասաց վարչության պետը:
Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի ստուգատեսին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 60 անձ, որոնցից որպես Ձմեռ պապ եւ Ձյունանուշ է ընտրվել 17-ը:
«Նրանք տոնական օրերին, մինչեւ հունվարի 13-ը ներառյալ, կբաշխվեն համապատասխան հարթակներով: Նրանց հետ կլինեն նաեւ կերպարներ»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ստուգատեսը շատ կարեւոր է, եւ առանց դրա հնարավոր չէ որեւիցե մեկին թույլ տալ դուրս գալ քաղաք եւ շփվել բնակչության հետ Ձմեռ պապի ու Ձյունանուշի կարգավիճակով:
«Նոր տարին Երեւանում-2018» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի ամենատարբեր վայրերում տոնական միջոցառումներ կկազմակերպվեն: Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի մոտ դիսկոտեկ կանցկացվի, որը կուղեկցվի ամանորյա հրավառությամբ:
Հունվարի 1-ին, 2-ին, 3-ին տոնական համերգային ծրագրերը կշարունակվեն նաեւ Ազատության հրապարակում, ինչպես նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Հունվարի 6-ին Ազատության հրապարակում Սուրբծննդյան թեմայով տոնածիսական համերգային ծրագիր կանցկացվի: Տոնական միջոցառումները կեզրափակվեն հունվարի 13-ին` Ազատության հրապարակում:
Ամանորին եւ Սուրբծննդյան օրերին կգործեն նաեւ թանգարանները, թատրոններն ու սահադաշտերը:
Source: Yerkir Media
Link: Երեւանի Ձմեռ պապ-Ձյունանուշները «քննություն են տվել»