Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները մոտենում են ավարտին
June 28, 2018
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները մոտենում են ավարտին: Սակայն մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում դրա տեղադրումը այժմ Քաղաքաշինության պետական կոմիտեի նոր ղեկավարության մտահոգությունն է հարուցել:
Երեկ երեկոյան անգամ հայտարարություն էր տարածվել։ Մինչդեռ ճարտարապետ Համլետ Մարտիրոսյանը արձանի տեղադրման աշխատանքը դադարեցնելու հիմքեր չի տեսնում, քանի որ այն ոչ միայն ավարտուն տեսքի է բերվել, այլեւ նախագիծը հաստատման բոլոր փուլերն անցել է, Երեւանի ավագանին էլ հավանություն է տվել որոշված վայրում այն տեղադրելու համար: Ճարտարապետը հակադարձել է նաեւ մշակույթի նախարարության թույլտվություն չունենալու հայտարարություններին:
Մետրոպոլիտենի համալիրը մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված չէ, հետեւաբար՝ մշակույթի նախարարությունը օրենքով միջամտելու իրավունք չունի: Տեղադրման վայրի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելն էլ ճարտարապետը ժամանակավրեպ է համարում: Այսօր արդեն տեղադրվել է արձանի վերջին հատվածը։