Միջազգային բանակային խաղերի «Տանկային բիաթլոն» մրցաձեւում այսօր անցկացվեց երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան եւ Վենեսուելան:
Հայ տանկիստները հաջող մեկնարկեցին մրցույթը, սակայն տեխնիկական խնդրի պատճառով ստիպված եղան փոխել տանկը, նաեւ դժվարություններ ունեցան թիրախները խոցելու հարցում:
Մրցույթի ֆավորիտ Ռուսաստանն իր ելույթն ավարտեց 1 ժամ 29 րոպե արդյունքով՝ խոցելով 24 թիրախներից 23-ը: Ռուս տանկիստների արդյունքը լավագույնն է մինչ այդ անցկացված երկու կիսաեզրափակիչների բոլոր մասնակիցների արդյունքների մեջ:
Հայ տանկիստների թիմը մրցելույթն ավարտեց 4-րդը՝ 2.5 ժամ արդյունքով եւ մինչ այս ելույթ ունեցած անձնակազմերի շրջանում զբաղեցրեց 7-րդ տեղը, որը հնարավորություն չի տալիս անցնել բիաթլոնի եզրափակիչ:
Նշենք, որ առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցած Ադրբեջանի թիմը ելույթն ավարտել է ավելի լավ արդյունքով՝ 1ժամ 53 րոպե: Եզրափակիչ են անցնելու լավագույն 4 թիմերը: Դրանք պարզ կդառնան վաղը՝ երրորդ կիսաեզրափակչից հետո:
Նշենք նաեւ, որ Հայաստանը ներկայացնող տանկիստների թիմն ամենաերիտասարդն է մասնակից 22 երկրների բոլոր թիմերի մեջ. տանկիստների տարիքը չի գերազանցում 20, բոլորը ժամկետային զինծառայողներ են:
Source: Yerkir Media
Link: «Տանկային բիաթլոն» մրցաձեւում այսօր անցկացվեց երկրորդ կիսաեզրափակիչը