Լիբիայում մոտ 400 կալանավոր է փախել բանտից: Նրանց հաջողվել է փախուստի դիմել մայրաքաղաք Տրիպոլիում` բանտի մոտակայքում զինված խմբավորումների բախման ժամանակ: Տեղի իշխանությունները հայտնել են, որ բանտարկյալները ստիպել են բացել դռները, բանտի հսկիչներն էլ չեն կարողացել խանգարել կալանավորների ընդվզմանը, քանի որ մտահոգվել են սեփական կյանքի համար:
Հաղորդվում է, որ այդ բանտում պատիժը կրողների թվում են եղել Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիի կողմնակիցները:
Նշենք, որ վերջին շրջանում Տրիպոլիի հարավային հատվածում թեժացել են զինված խմբավորումների միջեւ բախումները: Դրանց պատճառով քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել: Մոտ 5 տասնյակ մարդ է զոհվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
Source: Yerkir Media
Link: Լիբիայում մոտ 400 կալանավոր է փախել բանտից