Tert.am- Analitik.am-ի կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանը չի ընդունել իր մեղքը: Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը` նշելով. «Ցուցմունքներ տվել է, բայց չի ընդունել իր մեղքը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա և կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը ձերբակալվել են ու մեղադրվում են ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից ամսական 300 հազար դրամ շորթելու մեջ:
Լրատվամիջոցը տնօրենի կալանքից հետո բնականոն ռեժիմով աշխատում է: Analitik.am-ի հետ զրույցում Անի Հովհաննիսյանի փաստաբան Հայկ Սարգսյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը չի հայտարարել, թե պատրաստ է հայտնել իրեն գաղտնի տեղեկություններ տրամադրած, ուղղորդած պաշտոնյաների անուններ իր ազատության դիմաց:
«Հովհաննիսյանը նման հայտարարություն չի արել և այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, իսկ թե ում է ձեռնտու նմանատիպ ստահոդ տեղեկություններ տարածելը, իրենց հայտնի չէ»,- ասել էր Հայկ Սարգսյանը:
Source: Yerkir Media
Link: Analitik.am-ի կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանը չի ընդունել իր մեղքը