CAS-ը չեղյալ է համարել 28 ռուս օլիմպիական մարզիկների ցմահ որակազրկումը
February 1, 2018
Ժնևում գտնվող Մարզական վճռաբեկ դատարանը (CAS), բավարարել է 28 ռուսաստանցի օլիմպիական մարզիկների բողոքարկումը և չեղարկել է նրանց ցմահ որակազրկումը Օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Դատական լսումները տեղի են ունեցել հունվարի 22-27-ը։
Լեգկովի, Տրետյակովի, Կրյուկովի և «Սոչի-2014»-ի Օլիմպիական խաղերի մյուս ռուս մասնակիցների արդյունքները վերականգնվել են։ Նրանք իրավունք կունենան ապագայում մասնակցել Օլիմպիական խաղերի։ Նրանց կվերադարձվեն Սոչիի օլիմպիական մեդալները։
Միջազգային օլիմպիական կոմիտեն Վճռաբեկ դատարանի որոշման կապակցությամբ իր հիասթափությունն է հայտնել և հայտարարել, որ պատրաստվում է որոշումը վիճարկել Շվեյցարիայի Դաշնային դատարանում: Միաժամանակ, հայտնի է, որ CAS–ի որոշումը մարզաշխարհում համարվում է վերջնական և անբեկանելի: