Delta-ն նախազգուշացնում է խափանման պատճառով չվերթների նոր ուշացումների մասին

August 9, 2016

Delta ամերիկյան ավիաընկերությունը նախազգուշացնում է, որ համակարգչային համակարգում տեղ գտած անսարքությունների պատճառով չվերթների չեղարկումներն ու ուշացումները կարող են շարունակվել, տեղեկացնում է BBC-ն:

Օգոստոսի 8-ին Delta-ն հայտնել էր թռիչքների ժամանակացույցի մասնակի վերականգնման մասին:

Ավիաընկերության համակարգում խափանումը տեղի է ունեցել Ատլանտայում Delta-ի կենտրոնակայանում էլեկտրականության անջատման պատճառով:

Համակարգի անսարքությունները վերաբերել են տոմսերի առցանց ամրագրմանը, ընկերության կայքին եւ սմարթֆոնների համար նրա հավելվածին:

Մի քանի հազար մարդ մնացել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում եւ շարունակում են սպասել խափանման պատճառով հետաձգված կամ չեղարկված թռիչքներին:

Ընկերության նախագահ Էդ Բաստիանը հանդես է եկել տեսաուղերձով, որում ուղեւորներից ներողություն է խնդրել պատճառված անհարմարությունների համար եւ խոստացել է հնարավորինս շուտ վերականգնել համակարգի աշխատանքը:

Delta-ն նավատորմի չափով, ուղեւորափոխադրումների ծավալով եւ թռիչքուղիների քանակով աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է: Ինչպես ասված է ընկերության կայքում, տարեկան նրա ինքնաթիռները փոխադրում են ավելի քան 180 մլն ուղեւորների:


Source: Yerkir Media
Link: Delta-ն նախազգուշացնում է խափանման պատճառով չվերթների նոր ուշացումների մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image