ԱՄՆ սենատորն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ
September 8, 2017
Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Իր առաջարկը սենատորն արել է այսօր տեղի ունեցած Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվում էր 2018 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծրագրերը: Սենատորի առաջարկը տեղ է գտել հանձնաժողովի որոշման մեջ:
«Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության տվյալներով, պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիեւի անօրինական կալանավորման հետ:
Լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով: Նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում: