Ընտրական եռուզեռը չի կարող ավելին լինել, քան մեր հուշերն ու նորօրյա պատմության ապրիլյան դեպքերը: Ուղիղ մեկ տարի առաջ Հայ ժողովուրդն ապացուցեց, որ իր համար ամենաթանկն անկախ ու ազատ հայրենիքն է: Ապրիլի 2-ը մեզ համար այլ՝ առավել կարեւոր խորհուրդ ունի: Այսօր մենք հիշում ու հարգում ենք, խնկարկում այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց արյան գնով ապահովեցին այսօրվա մեր խաղաղությունը:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն աշխատում է կրկնակի հատուկ ռեժիմով: Ընտրական գործընթացին զուգահեռ մեր գործընկերները՝ Վարդան Օնանյանը, Արթուր Մկրտչյանը եւ Բելլա Լալայանը, լինելու են դիրքերում՝ մեր զինվորների կողքին, նրանց հետ պարբերաբար այնտեղից ներկայացնելով ռեպորտաժներ: Նրանք աշխատելու են ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ, երբ սահմանագլխին էին ոչ միայն որպես լրագրող, այլեւ կամավոր: Նրանց հետ էր այդ ժամանակ նաեւ «Երկիրն այսօր» լրատվականի ռեժիսոր Արմեն Սերոբյանը , ով այս տարի պայմանավորված ընտրական գործընթացի լուսաբանմամբ՝ չկարողացավ լինել առաջնագծում: