Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Նախարար Զեյնալյանը ընդգծել է, որ քրեակատարողական ծառայությունում իրականացվող բարեփոխումները պետք է տեսանելի դառնան նաև հասարակությանը, որի իրագործման քաղաքական կամքն ու շարժառիթը ներկայիս Կառավարությունն ունի:
Նախարար Զեյնալյանը ՔԿԾ պետ Արտյոմ Մխոյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Խաչիկ Հարությունյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել է կարճատև տեսակցությունների համար նախատեսված խցերին և տեղում քննարկել դատապարտյալների հետ նրանց հարազատների անմիջական շփումն ապահովելու նպատակով դրանց բարելավման հնարավոր տարբերակները:
Շրջայցը շարունակվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում, որտեղ նախարարին զեկուցվել են դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորությունները: Նախարարը եղել է նաև քրեակատարողական հիմնարկի խոհանոցում, ծանոթացել մատուցվող սննդացանկին և դրա պատրաստման պայմաններին, իսկ գրադարանում ծանոթացել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվող կրթական ծրագրերին և դատապարտյալների կողմից դրանց հաճախելիության ցուցանիշներին:
Նախարարի շրջայցը շարունակվել է «Արմավիր» ՔԿՀ-ի 1-ին 2-րդ 4-րդ մասնաշենքերում, որտեղ նա տեղում ծանոթացել է բանտախցերում դատապարտյալների պահման պայմաններին, զբոսանքի տևողությանը և մի շարք այլ հարցերի:
Արտակ Զեյնալյանը շրջայցի ընթացքում նաև կարճատև զրույց է ունեցել որոշ ցմահ դատապարտյալների հետ, լսել նրանց խոսքը՝ փորձելով իրավունքի և լիազորությունների շրջանակում օգտակար լինել նրանց:
Source: Yerkir Media
Link: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ