Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Ազատության հրապարակում
February 20, 2018
Հայ Ազգային կոնգրես կուսակցությունն Ազատության հրապարակում արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում անցկացրեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսում ներկայացված էին արցախյան շարժման տարիներին տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքների ժամանակ արված լուսանկարները և օգտագործված պաստառները:
Ցուցահանդեսում ներկայացված են այն լոզունգների և պաստառների բնօրինակները, որոնք օգտագործվել են 1988թ.-ին: «Փառք Աստծո, եղել են մարդիկ, ովքեր իրենց տան արխիվներում, իրենց կազմակերպություններում պահպանել են դրանք: Մենք մեծ մասը բերել ենք Երևանի պատմության թանգարանից, որը բարեխղճորեն հավաքել և պահել է շարժման ցուցանակները: Դուք կարող ենք անգամ տեսնել ցուցանակներ, որոնք լուսանկարները ևս ներկայացված են ցուցահանդեսում: Այսպիսով` մենք փորձել ենք հնարավորինս վերականգնել այն միջավայրը, որ կար այն ժամանակ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: